Սասունի ապստամբություն (1904)
Թվական | ապրիլ 1904 |
---|---|
Վայր | Սանասունք |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Հայ ֆիդայիներ |
Հրամանատարներ | |
Բիթլիսի վալի Քեոսե Բինբաշի | Անդրանիկ Օզանյան Հրայր Դժոխք |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
10,000 թուրք 7,000 քուրդ[1] | 1000 ֆիդայիներ 3000 սասունցիներ[1] |
Ընդհանուր կորուստներ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունի հերոսամարտ (այլ կիրառումներ)
Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ, Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարության 1904 թվականին ձեռնարկած խոշոր արշավանք։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։
Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան-Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։ Այսպիսով՝ եթե ընդարձակվեր ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլիներ իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութունը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»[2]։
Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի։ 1904 թվականի հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով (տոհմացեղով) և 15 ոստիկաններով ներխուժել է Հեղին, Արտկունք, Ընկուզակ և Իշխնձոր գյուղերը։ Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշը, Գոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ)։ Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտական ուժերի հաղթանակով[3]։
Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, Իրեցանք, Տափըկ, Գեղաշեն, Շուշանամերիկ, Սեմալ, Շենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, Հեթինք, Խլհովիտ, Գելիեգուզան, Տալվորիկ, Իշխնձոր, Արտկոնք, Արսըք, Սաղտուն, Հեղին։ Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից։
Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։
Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքերը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։
Ապստամբության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականի ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թվականի ապրիլի 11-ին Բիթլիսի նահանգապետի առաջնորդությամբ թուրքական զորքերը, ոստիկանական ուժերն ու քրդական աշիրեթները կենտրոնացել են քրդաբնակ Շեն գյուղում։ Նրանք ծրագրել էին աննկատ մոտենալ Շենիկ գյուղին և այնտեղից անսպասելիորեն գրոհել Սեմալի վրա։ Նույն օրը 700 հեծյալ թուրք զինվորներ սրարշավ ներխուժում են գյուղ, սակայն Սեմալում վաղօրոք դիրքավորված հայ մարտական ուժերը, որոնց առաջնորդում էր Հրայր Դժոխքը, ժամանակին նկատել են հակառակորդի պատրաստությունները և հարձակվել են քրդերի և թուրքական զինված ուժերի վրա։
... մեր տղայք եւ ժողովուրտ Հրայրի (Դժոխք Արմենակ) հրամանատարութեան տակ կը յարձակին քիւրտերու եւ զօրաց վրայ, զանոնք կքշեն, կտանին մինչեւ մարտի 31-ին կռւոյ տեղը, զօրքերը դէպի Դաշտ կը փախչին, իսկ քիւրտերը Շէն[4]։ |
Բիթլիսի կուսակալը մեկ անգամ ևս փորձել է խաբեությամբ ծուղակի մեջ գցել Սասունի մարտական ուժերի հրամանատարությանը։ Ապրիլի 12-ի երեկոյան կուսակալը Սասնո առաջնորդների հետ բանակցելու նպատակով նոր պատվիրակություն է ուղարկել Սեմա՝ այդպիսով հայ մարտական ուժերի հրամանատարներին հեռացնելով ճակատից, նրանց հավաքել մի տեղում և ապա նոր ձեռնարկել հարձակումը։
1904 թվականի ապրիլի 13-ի առավոտյան թուրքական զորամասերն ու քրդական հրոսակախմբերը անցել են հարձակման։ Փոքրաթիվ հայ ֆիդայիներին հաջողվել է հակահարված տալ, սակայն հնարավոր չի եղել երկարատև դիմադրություն ցույց տալ, գյուղի բնակչությունը դժվարությամբ թողել է գյուղն ու շարժվել Գելիեգուզանի ուղղությամբ։ հակառակորդի գրոհներից մեկի ժամանակ վիրավորվել է Սեպուհը։ Այնուհետև զոհվել է Հրայր Դժոխքը։
Գլուխին գնդակի հարւած մը ընդունելով Կէլիէկուզանի եւ Սեմալի մեջեւ կսպանւի մեր անփոխարինելի ընկերը, յեղափոխութեան անվհատ առաքեալը՝ պ.Հրայր (Արմենակ Ղազարեան-Դժոխք, Ղըզըլաղաճ գիւղացի Մշոյի)[5]։ |
Ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդը նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թվականի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։
Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թառոյան Կ., «ժողովրդական շարժումները Սասունում», 1890-1894, Երևան, 1966։
- Саркисян Е К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, 1972
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Ներսիսյան Ընդհանուր ապստամբության կազմակերպման հարցը Արևմտահայ ազատագրական պայքարում Արխիվացված 2022-04-09 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|